ԱԵԳՄՄ հիմնադիր-նախագահ, Խորհրդի անդամ

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում` մանկավարժի ընտանիքում: 1992-2000թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Շոշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը:
2000-2002թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանին կից վարժարանի հումանիտար բաժինը:
2002թ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «իրավագիտություն» բաժինը:
2008թ. գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «իրավագիտություն» բաժինը:
2008-2010թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` «սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ: 2010թ. գերազանցությամբ պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան:
2010-2013թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:
2015 թվականի նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» վերտառությամբ ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):
2010թ. առայսօր դասավանդում է Արցախի պետական, 2014թ.-ից` Մեսրոպ Մաշտոց, 2019թ.-ից՝ Գորիսի պետական համալսարանում:
2013-2015թթ. եղել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր:
2014-2015թթ. հանդիսացել է Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահը:
Նրա նախաձեռնությամբ 2015թ. հունվարի 13-ին հիմնադրվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը:
2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
2007-2009թթ. աշխատել է մասնավոր ընկերությունում` որպես իրավաբան:
2010թ. առայսօր աշխատում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` սկզբից որպես պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի 1-ին կարգի, այնուհետև առաջատար մասնագետ, 2014-2016թթ.` աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2016թ.-ից` բաժնի վարիչ:
Մասնակցել է Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված երկու տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, պարգևատրվել դիպլոմներով, պատվոգրերով և վկայականներով:
40-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:
2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման նախօրեին նախաձեռնել և իրականացրել է «ԼՂՀ Սահմանադրության քարոզչություն» ծրագիրը:
2006թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» ուսանողական առաջին գիտական կոնֆերանսում, հանդես գալով «Բնակչության իրավագիտակցության բարձրացումը որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» թեմայով ելույթով, գրավել է առաջին մրցանակային տեղը:
2009թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում Հենրիկ Խաչատրյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովում, հանդես գալով «Իրավունքի գերակայությունը որպես սահմանադրական արժեք` ԼՂՀ օրինակով» թեմայով ելույթով, գրավել է երրորդ մրցանակային տեղը:
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզի կրթության և գիտության նախարարության ու Երրորդ արբիտրաժային դատարանի կողմից կազմակերպված երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար:
Ամուսնացած է, ունի երկու որդի: