Հարցազրույց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջազգային իրավունքի փաստաբան, ՄԱԿ-ի նախկին մանդատ կրող, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ ԱԼՖՐԵԴ ԴԵ ԶԱՅԱՍԻ հետ

Zeitgeschehen im Fokus («Արդի իրադարձություններն ուշադրության կենտրոնում» շվեյցարական թերթ)

 

Ինչպե՞ս կարելի է գնահատել Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված հակամարտությունը միջազգային իրավունքի համաձայն:

Արդարադատության միջազգային դատարանի 2010թ․ վճռից ի վեր, որը փորձագիտական եզրակացությամբ օրինականացրեց Կոսովոյի անջատումը հայրենիք Սերբիայից, նույնը պետք է գործի նաև  Լեռնային Ղարաբաղի համար։

Ինչպե՞ս հասան փորձագիտական  եզրակացության։

Սերբերը Գլխավոր ասամբլեայի միջոցով բանաձև պահանջեցին, որը հաստատվեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից եզրակացություն խնդրելու համար, որպեսզի դրանով հստակեցվի տարածքային ամբողջականության սկզբունքի գնահատման հարցը։ Սերբերը կարծում էին, տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և այդ պատճառով էլ  Կոսովոն պետք է մնար Սերբիային։ Բայց նրանք իրավունք չստացան։ Եզրակացության 80-րդ կետը սահմանում է, որ միջազգային իրավունքում, և, մասնավորապես, ՄԱԿ-ի պրակտիկայում տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն դրսի համար, բայց ոչ պետության ներսում: Այլ բառերով ասած, տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խաթարել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Ի՞նչ է դա նշանակում Լեռնային Ղարաբաղի համար։

Այս տարածքում գրեթե 30 տարուց ավելի այսպես կոչված շատ կամ քիչ հանգստություն էր տիրում։ Սա մի տարածաշրջան է, որը հայկական է և պատմականորեն միշտ հայկական է եղել։ Տարածքը ավելի քան 1000 տարի է մեծամասամբ հայերի կողմից է բնակեցված։ Այնտեղ են հայտնի վանական համալիրներ Ամարասը (4-րդ դար) և Գանձասարը(13-րդ դար)։ 1918թ․ Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակեց անկախ, բայց նրանք անմիջապես օսմանների կողմից հալածվեցին և կոտորվեցին։ Խորհրդային միության տարիներին Ադրբեջանը տարածքում բնակեցրեց մահմեդականների` նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ժողովրդագրական մեծամասնությունը։ Այս տարածաշրջանը բայց ավանդաբար միշտ եղել է կաթոլիկ-ուղղափառ-հայկական տարածք: Նախկին խորհրդային տարածքների նման, Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ հռչակեց 1991թ. հստակ հանրաքվեից հետո:

Արդեն 1991-ին կոնֆլիկտ կար տարածքի շուրջ…

1991-1994 թվականներին տեղի ունեցավ պատերազմ, որի ընթացքում ադրբեջանցիները փախուստի դիմեցին կամ վտարվեցին տարածքից: 1994թ.-ին Ռուսաստանը բանակցեց զինադադարի շուրջ, և այդ ժամանակից ի վեր հայերն են վերահսկում տարածքը: Սակայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչված չէ։ Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա-Հերցեգովինայի և հետագայում Կոսովոյի հետ համեմատությունը, որոնք նույնպես միակողմանիորեն հռչակել էին իրենց անկախությունը, և որը միջազգային ճանաչում ուներ, ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը նույնպես ունի ինքնորոշման իրավունք, և հարց է առաջացնում, թե ինչու՞ են եվրոպական երկրները դավաճանում իրենց իսկ «եվրոպական արժեքները», երբ նրանք շարունակում են հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից: Ո՞րն է տարբերությունը։ Ինչու՞ է Կոսովոն ճանաչված, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։ Հարցը պատասխան է պահանջում, և անհապաղ, քանի որ ամեն օր մարդիկ են մահանում։

Ի՞նչն է այժմ բերել հակամարտության:

Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է ուժի գործադրումը, և Ադրբեջանն ուժ է կիրառել այն իրավիճակը փոխելու համար, որտեղ 30 տարի է հանգստություն էր: Նա ուզում է տարածքը բռնի ուժով հետ վերցնել։ Սա զուգահեռներ ունի Սահակաշվիլիի օրոք Վրաստանի պահվածքի հետ, երբ նա 2008 թ. պատերազմ սկսեց Հարավային Օսեթիայի դեմ։ Ես հույս չունեմ, որ զարգացումներն այդ ուղղությամբ կընթանան: Կարող եմ պատկերացնել, որ Պուտինը կհասկացնի ադրբեջանցիներին, որ եթե դուք այդպես շարունակեք, ապա երկրին նույն բանն է սպասվում, ինչպես 2008թ․ Վրաստանին։ Ես իհարկե հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց Ադրբեջանը կրակի հետ է խաղում։

Վերջիվերջո, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը:

Ադրբեջանն ագրեսոր է, և Ալիևն այդ պատճառով պետք է մեղադրվի և դատապարտվի։ Բայց միջազգային իրավունքը կիրառվում է ըստ ցանկության, և Ալիևը, ինչպես նաև Էրդողանը և Նեթանյահուն, անպատժելիություն են վայելում։ Ինձ սարսափեցնում է այն, որ Թուրքիան, աջակցելով Ադրբեջանին և Սիրիայից ջիհադիստներ ուղարկելով կռվի դաշտ, շարունակում է 1915-23 թթ․ հայերի ցեղասպանությունը, չնայած 1948 թվականին ընդունված ցեղասպանության մասին կոնվենցիային: Համաշխարհային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը լավագույն լուծումն է հավերժական պատերազմից և ցեղասպանության շարունակությունից դուրս գալու համար:

 

Հարցազրույցը՝ Թոմաս Կայզերի

Գերմաներենից թարգմանեց Լուսինե Սողոմոնյանը

Նյութի բնօրինակի հղումը՝ https://zeitgeschehen-im-fokus.ch/de/newspaper-ausgabe/nr-15-vom-27-oktober-2020.html#article_1130