Հարցազրույց  Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր ԱՆԴՐԵՅ ՀՈՒՆԿՈՅԻ (Ձախերի կուսակցություն) հետ

Zeitgeschehen im Fokus («Արդի իրադարձություններն ուշադրության կենտրոնում» շվեյցարական թերթ)

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, որն առաջացավ 1980-ականների վերջին, մի քանի շաբաթ շարունակ կրկին սրացել է։ Պատերազմական գործողությունները, որոնք ենթադրաբար  սկսվել են Ադրբեջանում և ուղղված են Լեռնային Ղարաբաղի տարածքի դեմ, արդեն թողել են մեծ թվով զոհեր և վիրավորներ։ Հակամարտության ֆոնին կարծես թե ստեղծվել են տարբեր դաշինքներ, և դեռ պարզ չէ, թե ով ինչ ճաշ է եփում դրա մեջ: Ակնհայտ է, որ այս վեճի պատճառը կրոնական լարվածությունը չէ, ինչպես որոշ լրատվամիջոցներ են  կարծում։

Կիպրոսում և նրա շրջակայքում ևս մի քանի շաբաթ շարունակ լարվածության աճ  կա, ինչը որոշակի զուգահեռներ ունի Հայաստանի հակամարտության հետ:

Սույն հարցազրույցը վերաբերում է հակամարտությունների պատճառներին և փորձում է որոշակի լույս սփռել ոչ թափանցիկ իրավիճակի վրա. ընդ որում, միջազգային իրավունքի կանոնադրությունը էական դեր է խաղում:

Ի՞նչն է Հունաստանի և Թուրքիայի միջև սրացման պատճառը:

Խոսքը հիմնականում Կիպրոսի մասին է: Ելակետային իրավիճակը նման է այն իրավիճակին, որը մենք ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն է՝ չլուծված, սառեցված հակամարտություն: Բացի այդ, գազի մեծ պաշարներ կան նաև Կիպրոսի բացառիկ գոտում:

 Ինչպիսի՞ն է իրավիճակը Կիպրոսում:

Կիպրոսի մի մասը դեռ օկուպացված է Թուրքիայի կողմից: Հյուսիսային Կիպրոսը որպես պետություն է ճանաչվում միայն Թուրքիայի կողմից: Բախումները տեղի են ունեցել 70-ականներին: Երկու կողմերի միջև կա չեզոք գոտի, որը նույնպես վերահսկվում է ՄԱԿ-ի առաքելության կողմից: Ռազմական բախումներ այլևս տեղի չեն ունենում: Բայց խնդիրը լուծված չէ։

Կիպրոսի հետ կապված ի՞նչ պետք է պատկերացնել «սառեցված հակամարտության» տակ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից  հայցերը պարզաբանվել են, բայց Թուրքիան չի ընդունում դրանք: Իրավական տեսանկյունից, 1970-ականներից այնտեղ մենք ունենք հստակ իրավիճակ, որը հակասում է բուն իրավիճակին: Եվ երկար ժամանակ է շարժ չկա։

 Ինչու՞ է այս հակամարտությունը կրկին սրանում:

Վերջին տարիներին Միջերկրական ծովի արևելյան մասում եղել են բնական գազի մեծաքանակ հայտնագործություններ: Այստեղ հիմնականում հարց է առաջանում՝ արդյոք էկոլոգիական տեսանկյունից իմաստալից է Միջերկրական ծովի արևելյան մասում հետախուզական խոշոր գործարքներ սկսելը: Այդուհանդերձ, տարբեր դերակատարներ մեծ հետաքրքրություն ունեն բնական գազի պաշարների նկատմամբ: Թուրքիան մի քանի տարի է ակտիվ գործունեություն է ծավալում տնտեսական գոտում, որն իրականում պատկանում է Կիպրոսին: Բայց Թուրքիան այդ տեսքով չի ճանաչում Կիպրոսը: Կիպրոսն ունի նավթի և գազի տարբեր դաշտեր և հորատման պայմանագրեր է կնքել միջազգային նավթային ընկերությունների հետ, ինչպես, Իտալիայի ENI կամ Ֆրանսիայի TOTAL ընկերությունների հետ: Թուրքիան, սակայն, դա անտեսում է և այնտեղ է գտնվում իր սեփական հորատող նավերով բացառիկ գոտում հետազոտություններ կատարելու համար: Սկզբում ձայնային հետազոտությունների միջոցով, բայց ոչ վաղ անցյալում նրանք նաև սկսել են հորատել այնտեղ: Նրանք իրենց գործունեությունն ապահովում են ռազմական ներկայությամբ: Դա նախատինք է Կիպրոսին:

 Կիպրոսը ԵՄ անդամ է: Ինչպե՞ս է գործում ԵՄ-ն:

Եվրոպական խորհրդում վերջին շաբաթների ընթացքում ուժգին բախումներ են տեղի ունեցել Կիպրոսի (վերջինիս աջակցում է Հունաստանը և մասամբ Ֆրանսիան) և Գերմանիայի միջև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցի շուրջ: Ենթադրաբար կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների ֆոնին պատժամիջոցներ կիրառվեցին կառավարության ներկայացուցիչների դեմ, որոնք պատասխանատու են բռնության, խոշտանգումների և ընտրությունների կեղծումների համար: Այսպիսի դեպքերը միշտ պետք է միաձայն որոշվեն Եվրոպական խորհրդում: Արտաքին քաղաքականությունը պետք միաձայն հաստատվի Եվրոպական խորհրդում: Կիպրոսը հասկացրել է, որ ինքը սկզբունքորեն ոչինչ չունի Բելառուսի դեմ պատժամիջոցների դեմ, բայց միայն այն դեպքում, եթե Թուրքիայի դեմ ևս պատժամիջոցներ ձեռնարկվեն ապօրինի հորատման պատճառով:

Բայց Թուրքիայի դեմ այս պատժամիջոցնեը չե՞ն եղել:

Ոչ, Գերմանիան ցանկանում էր ամեն գնով կանխել դա: Կիպրոսը այժմ համաձայնել է պատժամիջոցներին և դրանով լուծել շրջափակումը: Հետին պլանում կար նաև գործարք, այն է՝ Թուրքիան հետ է կանչում հորատող նավերը, ինչը իրականում տեղի ունեցավ: Եվրոպական խորհրդի որոշման մեջ կա նաև հղում Կիպրոսի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին: Կիպրոսը գոհ էր դրանից: Վեճը տևեց վեց շաբաթ, և ցանկանում էին պատժամիջոցներ կիրառել արդեն ավելի քան մեկ ամիս առաջ: Այսպիսով, այս վեճը շատ երկար ձգվեց:

Ինչու՞ Գերմանիան այս վեճում ընդունեց այս թուրքամետ դիրքորոշումը:

Ինձ համար դա Բունդեսթագում իմ գործունեության ամենատպավորիչ բացահայտումներից մեկն է, թե որքան ամուր են գերմանացիների և պատմական դաշնակիցների միջև կապերը: Գերմանիան պատմականորեն կապված էր Օսմանյան կայսրության հետ: Մենք ունենք նաև բանավեճ այն մասին, թե որքանով են գերմանացի զինվորականները ներգրավված եղել Հայոց ցեղասպանության մեջ: Այս համատեքստում պարզ է դառնում, որ գերմանական կայսրության և Թուրքիայի կամ նրան նախորդող պետության միջև միշտ եղել է ֆիքսված կապ: Դիվանագիտական տեսակետից Գերմանիայի արտաքին քաղաքականությունը շատ ավելի զգուշավոր է Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ: Այս ամբողջն արդեն աբսուրդ է, քանի որ Հունաստանը ԵՄ անդամ է, Կիպրոսը՝ ևս: Փաստորեն, ԵՄ-ն պետք է կանգնի Հունաստանի կողքին և Թուրքիային ասի, որ նման բան չի հանդուրժվի:

Ինչու՞ դա տեղի չի ունենում։

Սա ակնհայտորեն արգելափակվում է Գերմանիայի կողմից: ԵՄ-ի կամ գերմանա-ֆրանսիական շարժիչի ընդհանուր արժեքների հռետորաբանությունից այն կողմ տեսնում են հին պատմական աշխարհաքաղաքական գծերը: Անգելա Մերկելը երեք շաբաթ առաջ գտնվում էր Եվրոպական կոմիտեում, և ես նրան հարցրեցի Թուրքիայի նկատմամբ նրա մեղմ վերաբերմունքի մասին: Նա հաստատեց, որ հին պատմական գծերը դեռ կան, և որ Թուրքիան ամբողջ տարածաշրջանի բանալին է Գերմանիայի համար: Փախստականների գործարքը նույնպես այս աշխարհաքաղաքական գծերի արտահայտումն է: Այս գործարքը Գերմանիայի գաղափարն էր, որի նպատակն էր ԵՄ-ն պահել Թուրքիայի հետ սերտ բարեկամական ուղու վրա։

Որքանո՞վ զուգահեռներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Իհարկե զուգահեռներ կան: Մենք այստեղ նույնպես ունենք կրոնական մաս: Կիպրացի հույները հույն ուղղափառներ են, իսկ կիպրացի թուրքերը՝ մահմեդականներ: Ադրբեջանում ապրում են մահմեդականներ, իսկ Հայաստանը քրիստոնյա է: Դա չէ պատճառը, բայց դա հետք է թողնում բախումների վրա, և կրոնը դառնում է այդպիսի բախումների գործիք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, ինչպես Ղրիմի հակամարտության մեջ, բախվում են միջազգային իրավունքի երկու սկզբունքներ: Մի կողմից՝ տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղում բնակչության մեծ մասը հայեր են, ովքեր կամ ուզում են անկախ լինել, կամ ուզում են պատկանել Հայաստանին: Իրավիճակը նման է Ղրիմի, Կոսովոյի կամ Կատալոնիայի իրավիճակներին:

Հակամարտությունն ավելի հին է, ինչու՞ է հիմա այս սրացումը:     

Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ դաժան պատերազմ, և այդ ժամանակից ի վեր Մինսկի խմբում առկա են «սառեցված հակամարտություն» և բանակցություններ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարությամբ: Թուրքիայի կողքին Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող տերություն է, և այդ բանակցություններն արդեն 22 տարի առաջընթաց չեն գրանցում: Նրանք հանդիպում են Մինսկում, բայց գրեթե  առաջընթաց չկա: Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի հռետորաբանությունը դարձել է ավելի ագրեսիվ: Բանը հասավ ռազմական բախման, և ավելի շուտ այն հրահրվեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ։

Որքանո՞վ է Էրդողանը, ինչպես պնդում են, ներգրավված այստեղ:

Սարսափելի է, որ նա հակամարտությունն առաջ է մղում՝ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ուղարկելով ջիհադիստներին, որոնք ենթադրաբար պետք է աշխատեն Ադրբեջանի հետ միասին Հայաստանի դեմ պատերազմում տարածքներ գրավելու համար: Այս մասին հավաստի հաղորդումներ կան: Դա Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականության արտահայտությունն է:

 Ինչպիսի՞ վտանգ է թաքնված Եվրոպայում «սառեցված հակամարտությունների» ետևում:

Դուք այստեղ կարող եք տեսնել, որ դրանք հանգեցնում լուրջ վեճերի: Մենք ունենք Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, Ղրիմ և Արևելյան Ուկրաինա, Հարավային Օսեթիա և Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ, Կոսովո, և այն, ինչը հաճախ մոռացվում է, Կիպրոսն է: Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը այստեղ ներգրավված չէ, ուստի այնքան էլ հետաքրքիր չէ լրատվամիջոցների համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկման ակունքը կարելի է գտնել նաև միջազգային լարվածության մեջ: Համավարակի տարածման սկզբում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց դադարեցնել բոլոր հակամարտությունները և վերացնել պատժամիջոցները: Փաստացի մենք կարող ենք տեսնել տարբեր հակամարտությունների վատթարացում: Ընդհանուր առմամբ, դա քիչ  ողջունելի է, և չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ կունենա այս ամենը:

 

Հարցազրույցը՝ Թոմաս Կայզերի

Գերմաներենից թարգմանեց Լուսինե Սողոմոնյանը

Նյութի բնօրինակի հղումը՝ https://zeitgeschehen-im-fokus.ch/de/newspaper-ausgabe/nr-15-vom-27-oktober-2020.html#article_1130