Մինսկի խումբն իր միջնորդական առաքելությունն իրականացնում է արդեն 28 տարի։ Թեև համանախագահողների կատարած ընթացիկ աշխատանքի, 1994 թվականի անժամկետ զինադադարի կնքումից հետո, հակառակորդի կողմից մշտապես գրանցվել են խախտումներ, որոնք ուղեկցվել են մարդկային կորուստներով։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը, բազմիցս հայտարարել է, որ շփման գծի երկայնքով բռնության յուրաքանչյուր դրսևորում դատապարտելի է և հակամարտությունը չունի ռազմական լուծում, սակայն դա չի խանգարել, որպեսզի Ադրբեջանն իրականացնի ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները և առանց հետևանքների բախվելու  հրահրի նոր բախումներ 2017 թվականի փետրվարին, 2018-ի մայիսին և 2020 թվականի հուլիսին։

Սույն հոդվածի նպատակն է վերլուծել Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված երրորդ պատերազմի ընթացքում։

2020 թվականին հրահրված էսկալացիան այս անգամ տարբերվում էր Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ հրահրվող բախումներից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելությունն այս անգամ համատեղ հայտարարությամբ չսահմանափակվեց։ Համանախագահող երեք երկրների միջնորդությամբ երեք անգամ տեղի ունեցան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտենալու հեռանկարները և ձեռք բերվեցին հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններ, որոնք, ցավոք, ադրբեջանական կողմը չպահպանեց. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնացին թղթի վրա և Մինսկի խմբի դերակատարությունը փաստացիորեն դադարեց իմաստ ունենալ։

Հիմնաբառեր՝ Արցախյան հակամարտություն, Մինսկի խումբ, խաղաղ կարգավորում, ռազմական գործողություններ, միջազգային արձագանք:

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից հրահրված Արցախյան երրորդ պատերազմը, որն առաջին պատերազմից հետո կարելի է համարել ամենաարյունալի էսկալացիան, սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի աջակցությամբ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան ժամը 07:10-ին՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ պատերազմը, առաջին իսկ օրերից, ակնհայտորեն տարբերվում էր 90-ականների առաջին արցախյան պատերազմից, քանի որ օգտագործվում էին նորագույն զինտեխնիկա, ծանր հրետանիներ, ամենավերջին սերնդի ԱԹՍ-ներ։ Այս ամենից զատ, Ադրբեջանին բացահայտ ռազմական օժանդակություն էր ցուցաբերում Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է և ունի բավականին սպառազինված բանակ։ Պատերազմը նաև «նշանավորվեց» սիրիացի դիվիզիաների վարձկանների առկայությամբ, որոնց պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիսից տեղափոխել էր Ադրբեջան։

Ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում էին նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ օրվա մեջ մի քանի անգամ անդադար միանում էր օդային տագնապի ազդանշանը։ Թեև հայկական կողմը բարեհաջող կերպով կարողանում էր խոցել ադրբեջանական տեխնիկան[1]՝ պատճառելով մարդկային և նյութական կորուստներ, սակայն Ադրբեջանի հարձակման հետևանքով, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման, քաղաքացիական բնակչության շրջանում կային կորուստներ։[2] Ռազմական իրադարձությունների հաջորդականությունը դասավորվեց այնպես, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ ողջ տարածքում հայտարարեց ռազմական դրություն և համատարած զորահավաք, [3] ինչին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտնեց երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու իր որոշման մասին։ [4]

Պատերազմի սկսվելուց ժամեր անց՝ նույն օրը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն տարածեցին արցախա-ադրբեջանական հակամարտող զորքերի միջև ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում էր.

«Համանախագահները անհանգստությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների մասին լուրերին: Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում կյանքերի, ներառյալ քաղաքացիական բնակչության, անիմաստ կորուստը: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտությանը կայուն լուծում գտնելու համար։ Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհապաղ միջոցառումները տեղում իրավիճակը կայունացնելու համար և կրկնում են, որ հակամարտության խաղաղ բանակցային լուծմանը այլընտրանքը չկա»: [5]

 Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությունը, սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրով երկրում հայտարարում է մասնակի զորահավաք։ [6] Սակայն Ալիևը ոչ միայն անտեսում է Մինսկի խմբի համանախագահողների կողմից տարածած հորդորը, այլ նաև բացահայտ կերպով նախահարձակ լինում, քանի որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն է սկսում Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Փաստ է, որ պատերազմի սկսվելուն պես, արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը վերածվել էր պարզապես կոչ անող և խորհուրդ տվող բնույթի։ Ավելին, սեպտեմբերի 29-ին, առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ, ինչպես նաև օդուժ է կիրառել դիրքերի ուղղությամբ։ Նույն օրը, ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել էր քաղաքացիական ավտոբուս։ [7] Փաստացի, ադրբեջանական ագրեսիան հնարավոր չեղավ կանխել, նաև այն պատճառով որ դա ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտություն էր, այլ որ Ադրբեջանը ուղիղ սպառնալիքներ էր հասցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետության տարածքային ամբողջականությանը, առանց բախվելու որևիցե լուրջ միջազգային քննադատության, զգուշացման և համապատասխան սաստող գործողությունների։

Հոկտեմբերի 1-ին նույնպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով երկու կողմերի ղեկավարներին հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ստանձնած պարտավորություններին և վերսկսել բանակցությունները: [8]

Շարունակելով իր կողմից ստանձնած միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների արտգործնախարարները` Մայք Փոմփեոն՝ ԱՄՆ, Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստան և Ժան Իվ Լը Դղիանը՝ Ֆրանսիա, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ընդգծում էին, որ պետք է վերադառնալ այն բանակցային գործընթացներին, որոնք ամրագրված են միջազգային հիմնարար փաստաթղթերի հիման վրա, որոնց երկու կողմերն էլ ժամանակին համաձայնել էին։ [9]

Թուրքիան, որը մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, բացառապես սպասարկելով Ադրբեջանի շահերը և հավատարիմ մնալով սեփական աշխարհաքաղաքական մղումներին, պատերազմին պատրաստվելու ժամանակ և դրա ողջ ընթացքում շարունակաբար զինել է ադրբեջանական զինված ուժերը, որոնցից մասնավորապես թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները և «Բայրաքթար» ԱԹՍ-ները ռմբահրթիռային հարվածներ են հասցրել ՀՀ պետական սահմաններին։

Մինչև հոկտեմբերի 9-ը պատերազմը շարունակվել է կայուն լարված կերպով։ Ամսի 9-ին, ժամը 10։00-ից սկսած, թշնամին նորից ինտենսիվորեն սկսել էր հրթիռակոծել Ստեփանակերտը, ապա նաև մայրաքաղաքում պարբերաբար հնչել է ՀՕՊ ազդանշանը, քանի որ երկնքում օրվա մեջ անընդհատ նկատվել են անօդաչու թռչող սարքեր։

Այս իրադարձությունների նախօրեին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը, որում հորդորում էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել՝ գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար։  Այդ նպատակով Պուտինի կողմից, Մոսկվա էին հրավիրվել երկու երկրների արտգործնախարարները և հոկտեմբերի 9-ին մեկնարկել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որն ի դեպ, ռուսական կողմը նախապես որակել էր որպես խորհրդակցություն։ [10]

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ դադարեցնել տասներեք օր տևած պատերազմը և հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Հանդիպմանը, որն անցավ դռնփակ ռեժիմով, հաջորդեց  արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընթերցեց Սերգեյ Լավրովը։ Ըստ հայտարարության, կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00-ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին արդեն իսկ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված էր կրակի դադարեցման հրաման, թեպետ վաղ առավոտից սկսած ադրբեջանական կողմը մինչև վերջին րոպեները՝ ժամը 12։00-ն, շարունակում էր հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը, կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապանի շրջանի բնակավայրների ուղղությամբ։ Եվ ինչպես կարելի էր ենթադրել, անտեսելով ժամը 12:00-ին հայտարարված հրադադարը, 12:05-ին Ադրբեջանը գրոհ ձեռնարկեց Կարախանբեյլի կոչվող տեղամասի ուղղությամբ, ապա նաև կրակահերթից թիրախավորելով Հադրութ քաղաքը։ [11]

Հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ երկրի՝ ՌԴ-ի միջնորդությամբ  ձեռք բերված հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեին, քանի որ եռակողմ հանդիպման ժամանակ, կողմերը հավաստիացրել էին, որ բանակցությունների խաղաղ կարգավորման ձևաչափը փոփոխության ենթակա չէ, սակայն այդ փուլին հասնելն արդեն անիրատեսական էր, քանի որ Ադրբեջանական զինված ուժերը ոտնահարել էր հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Փաստացիորեն, Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը կարելի էր համարել ձախողված, քանի որ հրադադարը հակառակորդի կողմից այդպես էլ չպահպանվեց 5 րոպեից ավելի, ուստի հնարավոր չէր  պայմանավորվածության համաձայն մարտի դաշտից դուրս բերել զոհվածների դիերը և փոխարինել ռազմագերիներին։

Քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված առաջին հրադադարի ձեռքբերման փորձը ձախողվեց, երկրորդ հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունները հոկտեմբերի 17-ին Փարիզում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան։  Բանակցություններից հետո հաղորդվեց, որ հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից պետք է հաստատվի մարդասիրական հրադադար։ Անսպասելի չէր, որ առաջին հրադադարի 5 րոպեանոց տևողությունից հետո, այս մեկի տևողությունը կարող էր լիներ ավելի կարճ՝ 4 րոպե։ Ինչպես և սպասելի էր, ադրբեջանական կողմը հրադադարը խախտելուն պես հարձակման է անցնում հրթիռահրետանային հարվածներով:

Տեղի ունեցածի վերաբերյալ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ժան-Իվ Լը Դրիանի  հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միջնորդ երկրի ԱԳ նախարաը հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանը, ընդգծեց Ֆրանսիայի որպես միջնորդ երկրի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը հրադադարի ձեռքբերման համար արված քայլերի և կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված ստանձնած առաքելության մեջ,  արձանագրելով, որ հայկական կողմն ունի փաստացի ապացույցներ, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվել է իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Նույն օրը ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստաալիքի լուրերի հերթական թողարկման ժամանակ հաղորդվում է, որ
Ֆրանսիան, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով փորձել են միջնորդել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծմանը, բայց բանակցությունները և հակամարտության խաղաղ կարգավորումը վաղուց դադարեցված են, [12] ինչն իսկական ապտակ էր ադրբեջանական կողմին և հստակորեն ընդգծում էր ոչ բոլոր պետություններն են կույր առ այն թե ինչ պատերազմ է սանձազերծվել ՀՀ-ի և Արցախի դեմ։

Ցավոք, պատերազմի ընթացքում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից արդեն իսկ երկրորդի նախաձեռնությունը նույնպես ձախողվում է, քանի որ հրադադարը հակառակորդի կողմից պահպանվում է 4 րոպե։ Այս անգամ ևս հրադադարը պետք է լիներ մարդասիրական՝ մարտի դաշտից զոհվածների դիերը դուրս բերելու և ռազմագերիներին փոխարինելու պայմանավորվածության համաձայն։

Այլ կերպ ասած, Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար անտեսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին և հոկտեմբերի 5-ին արված հայտարարությունները, հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ եռակողմ հայտարարությունը հրադադարի ձեռքբերման շուրջ, ինչպես նաև հոկտեմբերի 18-ին Փարիզում ընդունված եռակողմ հայտարարությունը հրադադարի ձեռքբերման շուրջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները փաստացի կերպով երկու անգամ դատապարտված էին ձախողման։

Հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ-ում տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հանդիպումը, որտեղ ինչքան էլ տարօրինակ է Ջեյհուն Բայրամովը վերահաստատում է իր երկրի կողմից ստանձնած հանձնառությունը` իրագործելու Մոսկվայում հոկտեմբերի 10-ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունները` հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն, կարծես թե նախորդ երկու անգամների ժամանակ պահպանել էին հրադադարի ռեժիմը։

Եվ վերջապես, երրորդ անգամ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, ինչի մասին հայտնի է դառնում ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ։ Հրադադարը ենթադրաբար ուժի մեջ պետք է  մտներ հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:[13]

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ Միացյալ Նահանգները ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահողների հետ, որպեսզի կարողանա Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը։

Սակայն ԱՄՆ-ի միջնորդությունից շատ բան ակնկալելը այդքան էլ ճիշտ չէր, քանի որ Թրամփը զբաղված լինելով նախագահի նախընտրական քարոզարշավով լավ չէր պատկերացնում իրավիճակը։ Նրա կողմից բանավոր և ինքնաբուխ կերպով արված հայտարարությունները պարզապես հայկական համայնքի շրջանում լայն ընտրազանգված ձեռք բերելու համար էին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այդ օրերին ընթացող սրումը, հրադադարի ռեժիմի խախտումը այն դեպքը չէր, որ Թրամփը իրեն կարող էր թույլ տալ ասել, թե՝ Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ Սույն նախադասությունը նա ասել է ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական քարոզարշավի ժամանակ, նշելով, որ Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում, բանակցում Երևանի ու Բաքվի հետ, և որ իրենք ամեն ինչ կկարգավորեն, խնդիրը հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում, հավելելով, որ հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք իրենց ողջ ուժով մարտնչում են։ Շատ ճիշտ ընտրված տողերը հայ ընտրողներին գրավելու համար էին, գումարած նրան, որ այդ օրերին հայկական Սփյուռքը բառի ամենալայն իմաստով կաթվածահար էր արել ԱՄՆ-ն և Եվրոպան, փակել էին Վաշինգտոնի և այլ քաղաքների փողոցները, անգամ հայկական դրոշներով, Ադրբեջանին կանգնեցնելու կոչեր անող պաստառներով մոտեցել Թրամփի ավտոշարասյանը։ Թրամփը իր հերթին լավ իմանալով այդ փաստը հուսադրող, սակայն ոչ իրատեսական խոսքեր է ասել, եզրափակելով, որ «մի բան կանենք»:[14] Հետագայում տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «մի բան անելով» չէր լուծվելու։

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 8:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, երրորդ անգամ անտեսում է հրադադարի ռեժիմը՝ հրետանային կրակ վարելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: [15]

Հրադադարի հաստատման երրորդ փորձի ձախողումից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են դեմ առ դեմ հանդիպել Ժնևում՝ հոկտեմբերի 29-ին: [16]

ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը հրադադարի վերաբերյալ, որը ձեռք էր բերվել Վաշինգտոնի միջնորդությամբ արդեն երրորդն էր` Ղարաբաղում մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում: Նախորդները` Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև վերջինը, այդպես էլ չէին իրագործվել:

Ի վերջո, Արցախյան երրորդ պատերազմը ավարտվում է հայկական կողմին պարտադրված պարտությամբ, որին հաջորդում է 2020թ նոյեմբերի 10-ին կնքված խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը՝ Շուշի քաղաքը, Հադրութի ամբողջ շրջանը, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր  հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բացառությամբ Լաչինի միջանցքը, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։

Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ հակամարտությունը պարզապես դատապարտելուց և կրակը դադարեցնելու կոչեր անելուց զատ, ծանրակշիռ որևէ քայլեր չկարողացան անել պատերազմը կանխելու համար։ Տեսանելի աջակցություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նշելով որ կաշխատի Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ում կառավարության գլխավորությամբ հոկտեմբերի 5-ից Կանադան դադարեցրեց ռազմական մատակարարումը Թուրքիային։ [17]

Հայաստանը և Արցախը 1994 թվականից սկսած շարունակել են հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը, վճռականորեն հակադարձել Արցախի դեմ մղվող ագրեսիային, մերժել և դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և պատրաստակամ եղել աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ հրադադարի ռեժիմի և տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանմանը։

Ամփոփելով, պետք է արձանագրել, որ միջազգային կոչերը պատերազմի ողջ ընթացքում եղել են անօգուտ, ինչպես նաև ձախողված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

  • ՌԴ-ի, Ֆրանսիայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարները խախտվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ միջազգային դիտորդները, ԶԼՄ-ների և ռազմական ԶԼՄ-ների ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան ներկայացնել իրականությունը՝ խախտող կողմի դեմ ունեցած բացահայտ ապացույցներով, ինչի շնորհիվ պարզ կդառնար, որ իրավամբ Ադրբեջանը հավատարիմ չէ Մինսկի խմբի սկզբունքներին։
  • Հրադադարը պահպանելու կոչերը նույնիսկ Մինսկի Խմբի կողմից միշտ ուղղվում էին երկու կողմերին, թեև պատերազմի էպիկենտրոնում գտնվող դիտորդներից և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից արձանագրված փաստերը կարելի էր ուսումնասիրել։
  • Մինսկի խումբը նաև ձախողել է իր առաքելությունը այն համատեքստում, որ միշտ չէ եղել վճռական Ադրբեջանի և անձամբ նախագահ Ալիևի նկատմամբ, երևի թե վերջիններիցս կաշկանդվածություն ունենալու պատճառով, որ ընդամենը դեկտեմբերի 12-ին, պայմանագրի ստորագրումից գրեթե մեկ ամիս անց, Ալիևը իրեն թույլ է տալիս ասել, որ ինքը երբևէ չի հրավիրել Մինսկի խմբին Ադրբեջան քննարկումների և բանակցությունների համար, ավելին այդ ցանկությունը միշտ եղել է Մինսկի խմբի կողմից, ինքն էլ իր հերթին պարզապես չի մերժել, և արդեն որերորդ անգամ թքած ունենալով Մինսկի խմբի, ՌԴ-ի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող սահմանապահների վրա ռազմական գործողություններ է վերսկսում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, լավ իմանալով, որ այս անգամ ևս կկարողանա ազատվել պատասխանատվությունից։

 

[1] Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. Մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ խոսնակ, https://artsakhpress.am/arm/news/132927/

[2] Արցախը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ ունի․ ՄԻՊ https://hetq.am/hy/article/121974

[3] Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ https://www.aravot.am/2020/09/27/1137452/

[4]Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք https://hetq.am/hy/article/121988

[5] Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group https://www.osce.org/minsk-group/465018

[6] Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք https://razm.info/146459

[7] Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ https://news.am/arm/news/604792.html

[8] Statement of the presidents of Russia, the United States and France on Nagorno-Karabakh http://en.kremlin.ru/events/president/news/64133

[9] Joint Statement Calling for a Ceasefire in Nagorno-Karabakh https://www.state.gov/joint-statement-calling-for-a-ceasefire-in-nagorno-karabakh/

[10] Путин пригласил глав МИДов Азербайджана и Армении на переговоры в Москву https://www.kommersant.ru/doc/4522178

[11] Ադրբեջանը խախտել է 12:00-ին հայտարարված հրադադարը https://hetq.am/hy/article/122896

[12] Armenia, Azerbaijan accuse each other of violating ceasefire in Nagorno-Karabakh https://www.france24.com/en/europe/20201018-fighting-in-nagorno-karabakh-continues-as-armenia-accuses-azerbaijan-of-violating-truce

[13] U.S.-Armenia-Azerbaijan Joint Statement https://www.state.gov/u-s-armenia-azerbaijan-joint-statement/

[14] Armenians are great people and we’re going to help them – Donald Trump https://en.armradio.am/2020/10/23/armenians-are-great-people-and-were-going-to-help-them-donald-trump/

[15] Արդեն երրորդ անգամ հրադադարը խախտվում է. ՄԱԿ–ում խորապես մտահոգված են https://armeniasputnik.am/karabah/20201026/25075956/arden-errord-angam-hradadary-khakhtvum-e.html

[16] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group https://www.osce.org/minsk-group/468204

[17] Canada Halts Military Equipment Supplies to Turkey https://asbarez.com/197242/canada-halts-military-equipment-supplies-to-turkey/