ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) 2020թ.-ի օգոստոսի 4-ին հաստատել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 25.06.2020թ. հ. 15 որոշումը, ըստ որի՝ պրոֆեսորի գիտական կոչումներ են շնորհվել քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանին և պատմագիտության դոկտոր Արման Եղիազարյանին:

Բազմաշնորհ գիտնականները մեծ ավանդ ունեն նաև Արցախի երիտասարդ մասնագետների և գիտնականների միավորման (ԱԵԳՄՄ) գործունեության մեջ, առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցել են կազմակերպության ծրագրերին, նպաստել Արցախում գիտության զարգացման և գիտական արդյունքների հանրահռչակման երախտաշատ գործին:

Մտահոգ Արցախի պատմական ճակատագրով ու պետականության զարգացման հեռանկարներով՝ Խ.Գալստյանն ու Ա.Եղիազարյանը մշտապես եղել են Արցախի կողքին, գործնական հոգածությամբ ներգրավվել Հայոց պետականության հիմնախնդիրներին նվիրված ԱԵԳՄՄ-ի ամենամյա միջազգային երիտասարդական գիտաժողովների կազմակերպման լայնածավալ աշխատանքներին՝ նպաստելով հայ և օտարերկրյա գիտական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդ հետազոտողների ներուժի բացահայտմանն ու առաջընթացին, Արցախի ճանաչելիության բարձրացմանն ու Արցախյան հիմնախնդրի միջազգայնացմանը: Պատահական չէ, որ նրանց բարձրաժեք գիտական հետազոտություններում մեծ տեղ են զբաղեցնում Ղարաբաղյան հիմնախնդրի բազմակողմ արծարծումները, օրախնդիր եզրակացություններն ու առաջարկությունները:

Խաչիկ Գալստյանը 2020թ.-ի մարտին ընտրվել է նաև «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ հանձն առնելով աջակցելու ինստիտուտի ռազմավարական նպատակների իրականացմանը՝ ի շահ Արցախում գիտության զարգացման: Խորհրդի անդամ է նաև պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը:

Արցախի հետ բարեշահ համագործակցության հարթակ է նաև «Գիտական Արցախ» պարբերականը. խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են նաև Խաչիկ Գալստյանն ու Արման Եղիազարյանը, որոնք իրենց մասնագիտական ներուժով ու գիտական փորձառությամբ մեծապես նպաստում են պարբերականի սահուն աշխատանքին:

Մեծապես գնահատելով պատմագիտության ու քաղաքագիտության ոլորտներում նրանց գիտական գործունեությունն ու վաստակը, կարևորելով ԱԵԳՄՄ-ի և «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությունը, որն արդյունավորվել է գիտակազմակերպական բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչմամբ, Միավորման և Ինստիտուտի անունից ջերմորեն շնորհավորում ենք Խաչիկ Գալստյանին ու Արման Եղիազարյանին պրոֆեսորի պատվաբեր կոչման արժանանալու առթիվ, մաղթում երկար ու ստեղծարար տարիներ, նոր հայանպաստ ուսումնասիրություններ կատարելու անխոնջ եռանդ, հասարակական ակտիվ գործունեություն, գիտակրթական նորորակ նվաճումներ՝ ի շահ երկու հայկական հանրապետությունների զարգացման ու բարգավաճման: